«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Նախագահների հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար

Նախագահների հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար
18.06.2016 | 01:04

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն Աժ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունիսի 20-ին նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Տեսնո՞ւմ է արդյոք հանդիպման անհրաժեշտություն՝ առանց Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հարցին Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այն, ինչ պայմանավորվել են Վիեննայում, չափազանց կարևոր է:

«Առանց դրա խոսել որևէ առաջընթացի, արդյունավետ բանակցությունների մասին, անհնարին է: Այդ տեսակետից այս հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար. արդյո՞ք Վիեննայում չկարողանալով դիմակայել երեք պետությունների ներկայացուցիչների ճնշմանը կամ առաջարկություններին, համաձայնվեց, իսկ հիմա փորձելու է տապալե՞լ, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ այդ տեսակետից ամեն ինչ մոտ է, և կտեսնենք՝ ինչ արդյունքը կտա:

«Առաջընթացը կայանում է նրանում, որ փաստաթղթային մասով ԵԱՀԿ-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է»,-ասաց նա և նշեց, որ խնդիրը վերաբերում է երկու փաստաթղթերին: «Առաջինը գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի թիմի կարողությունների ավելացմանն է վերաբերում, որ կարևոր է ընթացիկ մշտադիտարկում իրականացնելու համար, որովհետև այն թիմը, որը որ կա, փոքրաթիվ է և նաև չունի բավարար սարքավորումներ: Երկրորդը վերաբերում է չափազանց կարևոր խնդրին. դա միջադեպերի հետաքննության մեխանիզմներն են, որովհետև առ այսօր արդարացի դժգոհություն կար, հենց հայկական կողմն էր անընդհատ հնչեցնում այդ դժգոհությունները, որ բոլոր հայտարարությունները լինում են անհասցե: Թվում է, թե ակնհայտ է՝ ով է դա արել՝ ինչպես ապրիլյան այդ ռազմական գործողությունների դեպքում, բայց հայտարարությունները հասցեագրված չեն»,-ասաց Շավարշ Քոչարյանը և նշեց, որ հետաքննությունների մեխանիզմի իմաստը հենց նրանումն է, որ եթե տեղի է ունենում որևէ միջադեպ, ապա քննվում է, և կարելի է արդեն մատնանշել՝ ով էր հրահրողը, սկսողը, իրականացնողը:

«Հետևելով իրենց պաշտոնական հայտարարություններին՝ իմ անձնական գնահատականն այն է, որ Ադրբեջանը ամենևին հակված չէ այդ մեխանիզմների լիարժեք ներդրմանը և հենց ամսի 20-ը ցույց կտա՝ կփորձի՞ ինքը այդ կարևորագույն խնդիրը պայմանավորել հազար ու մի այլ հարցերով, որպեսզի տապալի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա:


Շավարշ Քոչարյանը պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է հունիսի 20-ին նախատեսված հանդիպմանը նոր փաստաթուղթ դրվի շրջանառության, առավել ևս, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը չէր բացառել իրավական պարտադիր փաստաթղթի հնարավորությունը: «Այս պարագայում կա մի փաստաթուղթ, որը դրված է որպես հիմք բանակցությունների համար, այն երեք կողմերից միայն երկուսն են ընդունել, դա Մադրիդյան փաստաթուղթն է՝ որպես հիմք բանակցությունների համար: Որևէ այլ փաստաթուղթ, որին կողմերը տվել են համաձայնություն, գոյություն չունի: Վերջին փաստաթուղթը, որը լուրջ քննարկվել է և որը Ադրբեջանը տապալեց՝ բազմաթիվ առաջարկություններ անելով, դա Կազանն է և վերջ»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ ընթացքում ցանկացած կողմ կարող է ցանկացած առաջարկություն անել, միջնորդները կարող են ցանկացած առաջարկություն անել, բայց այդ բոլորը չի նշանակում, որ եթե որևէ մեկը մի բան է առաջարկում է, դրանով հարցը լուծվեց: «Դա այդպես չէ, դա փաստաթուղթ չէ, այդ տեսակետից ապագան ցույց կտա: Ապրիլյան այս շատ լուրջ ագրեսիայից հետո, որովհետև այդպիսի նախադեպ չի եղել, դա ուղղակի ռազմական գործողությունների վերսկսում էր, ինչ արգելված էր 94 թվականի պայմանագրով, դրանից հետո այս ամենը պետք է դիտակել նույնիսկ նորովի, նորովի պետք է դիտարկի նաև միազգային հանրությունը»,-ասաց նա և նշեց, որ պետք է հաշվի առնել, որ գործ ունես մի սուբյեկտի հետ, որը իր իսկ ստորագրած փաստաթուղթը կարող է մերժել, նույնիսկ փորձել քայլեր կատարել այդ փաստաթուղթը չեղյալ համարելու համար:

«Այս ամբողջ ժամանակահատվածում բանակցային գործընթացի անարդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը օգտագործում է բանակցային գործընթացը որպես քող՝ ընդամենը իր զինված ուժերը զինտեխնիկայով համալրելու, ուժային քաղաքականությունը շարունակելու համար: Այդ բոլորը շատ հստակ է, և այն, ինչ-որ հստակ է երկու հայկական կողմերի համար, կարծում եմ, որ հստակ է նաև միջազգային հանրության համար»,-ասաց նա:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց նաև հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը փորձու՞մ է առաջատար դիրք գրավել:«Դժվար է ասել, ամբողջ այս գործընթացում պարբերաբար համանախագահներից որևէ մեկը ձեր ասած՝ առաջատար դիրքն է գրավել, այսինքն, ավելի նախաձեռնող է եղել»,-ասաց նա և նշեց, որ ժամանակին դա եղել է Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը՝ Մեդվեդևի նախագահության օրոք եղել է շատ ակտիվ դիրքում:

«Ներկայումս պատահական չէ այդ տպավորությունը, որ Ռուսաստանը ոնց որ ցանկանում է այդ առաջատարի ձեր ասած դիրքը գրավել, սակայն, համենայնդեպս, մինչ այսօր այդպիսի քայլերը եղել են համաձայնեցված բոլոր երեքի միջև և եթե այդպիսի իրավիճակ չլինի լիարժեք համաձայնեցված, որևէ ձևով չի նպաստի բուն բանակցային գործընթացի առաջընթացին»,-ասաց նա: Արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձավ նաև ՌԴ Պաշտպանության նախարարի հայտարարությանն, ըստ որի՝ Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնել:

«Այդ բոլոր հայտարարություններին պետք է ուշի ուշով հետևել, ընդունենք ի գիտություն, և մենք միշտ պետք է երկու հանգամանք հաշվի առնենք: Առաջինը՝ անվտանգության պաշտպանության հարցերում մենք մեր հույսը առաջին հերթին պետք է դնենք մեր վրա, երկրորդը՝ համագործակցությունը տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ նպաստում է, որ այդ հնարավոր սպառնալիքը հնարավորինս չեզոքանա: Այդ համատեքստում է նաև մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ ՝ ոչ ավելի, որովհետև, եթե մեծ սպասելիքներ կան, որ Ռուսաստանը կգա մեր փոխարեն մեր անվտանգության խնդիրները կլուծի, կոպիտ սխալ է, դրանից հետո կարող է հիասթափություն լինել»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ ցանկացած երկիր ելնում է իր շահերից, և որտեղ երկու պետությունների շահերը համընկնում են, այդտեղ դու ունես լիարժեք համագործակցություն: Ինչ վերաբերում է հարցին, թե այս շրջանում չե՞ն համընկնում ՀՀ-Ռուսաստան շահերը , նա ասաց.«Մենք մեր շահերը լավ գիտենք, Ռուսաստանն էլ իր շահերը գիտի, և մենք պետք է միշտ հստակ գիտակցենք, թե որտեղ է այն եզրը, որտեղ կար շահերի համընկնում: Մյուս կողմից շատ կոպիտ սխալ կլինի, եթե այն մարդիկ, ովքեր ավելին մեծ սպասելիքներ ունեին Ռուսաստանից, քան դա իրականացավ, հիմա մտնեն այլ ծայրահեղության մեջ և փորձեն Ռուսաստանին դարձնեն մեզ թշնամի, դա կլինի ամենամեծ սխալը»։

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ